Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈԻՐ ԺՈՂՈՎ

13.02.2017

Փետրվարի 10-ին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ,  ամփոփել է 2016 թվականի դատական պրակտիկան և վիճակագրական տվյալները, ընտրել 2016 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները, նշանակել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ: 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը` ողջունելով դատավորներին, ընդգծել է, որ 2016 թվականը գերծանրաբեռնված տարի էր դատարանների համար, միաժամանակ՝ շատ արդյունավետ,  ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները:

 Իր ելույթում Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ՀՀ դատարաններում ստացվել է 239.711 գործ, որից 60.017-ը` վճարման կարգադրություն: Համեմատական կարգով` Արման Մկրտումյանն ընդգծել է, որ 2015 թվականին ստացվել է 233.562 գործ, որից 76.981-ը` վճարման կարգադրություն:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2016թ-ին ստացված գործերի թիվն ավելացել է: Մասնավորապես, հատկանշական է, որ 2016թ. ընթացքում առաջին ատյանի դատարաններում ստացվել է 132.581 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 87.371-ը, 16.522 վարչական գործ, որից ավարտվել է 9953-ը, 4599 քրեական գործ, որից ավարտվել է 2944-ը, 17.717 միջնորդություն, որից ավարտվել է 17290-ը, 60.017 վճարման կարգադրություն արձակելու դիմում, 8245 սնանկության վերաբերյալ դիմում:

Հարկ է փաստել, որ 2016 թվականի ընթացքում, 2015 թվականի համեմատությամբ, ստացված քաղաքացիական գործերի թիվն ավելացել է շուրջ 14.927-ով, այսինքն՝ 12,7%-ով, վարչական գործերի թիվն ավելացել է շուրջ 3319-ով, այսինքն՝ 25,1%-ով, սնանկության վերաբերյալ դիմումների թիվն ավելացել է 3319-ով, այսինքն՝ 67,4%-ով, իսկ վճարման կարգադրությունների թիվը նվազել է 16.964-ով, այսինքն` 22%-ով:

Ընդ որում, քրեական գործերով 869 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ինչը կազմում է դատապարտված անձանց 34,3%-ը, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 108-ով (977-869=108),  այսինքն` շուրջ 11%-ով:

2016 թվականի ընթացքում պատիժը պայմանականորեն չի կիրառվել ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված 869 անձի նկատմամբ (51.8%), իսկ 2015 թվականի ընթացքում՝ 977 անձի նկատմամբ (49,6%):

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հատկապես ողջունելի է համարել այն փաստը, որ 2016 թվականի ընթացքում աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ, այսինքն` 5%, որից 140-ը` լրիվ, իսկ 47-ը` մասնակի: Հատկանշական է, որ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ, այսինքն` 4%, որից 110-ը` մասնակի, իսկ 47-ը` լրիվ:

Նույն ժամանակահատվածում վերաքննության կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարաններում քննված քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 5%-ը, վարչական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 27,9%-ը, քրեական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 16,3%-ը:

Արդյունքում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվել է 4354 գործ (ավարտ՝ 3742 գործ), ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ 1773 (ավարտ՝ 1626 գործ), ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ 3299 (ավարտ՝ 2898 գործ):

Համեմատական անցկացնելով 2015 թվականի վիճակագրական տվյալների հետ՝ ակնհայտ է դառնում, որ 2016 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված դատական ակտերի քանակն ավելացել  է շուրջ 14,6%-ով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանված դատական ակտերի քանակն ավելացել է շուրջ 23,9%-ով:

Իր խոսքում, Արման Մկրտումյանն ընդգծել է նաև, որ  հաշվետու  ժամանակահատվածում վճռաբեկության կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարաններում քննված քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 41,6%-ը, վարչական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 57,3%-ը, քրեական գործերով և միջնորդություններով կայացված դատական ակտերի 45,9%-ը:

Այդուհանդերձ, ի թիվս վերոնշյալ ցուցանիշների, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդհանուր առմամբ 22 գործով բեկանել է վերաքննիչ դատարանների կայացրած դատական ակտերը և օրինական ուժ է տվել առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտերին, ինչը խոսում է վերաքննիչ դատարանների թերացումների մասին:

Ամփոփելով իր ելույթի հաշվետվողական մասը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ՝

- Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի ընդհանուր կայունությունը հաշվետու ժամանակահատվածում կազմում է 97,9%,

- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 2016 թվականի ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 97,8%, իսկ բողոքարկված դատական ակտերից կայունությունը կազմում է 94,8%,

- ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում 2016 թվականի ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 97,3%, իսկ բողոքարկված դատական ակտերից կայունությունը կազմում է 95,5%,

- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2016 թվականի ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 98,2%, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը կազմում է 96,1%:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հիմնական ելույթից հետո ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, անցնելով օրակարգի հաջորդ հարցին, քվեարկության արդյունքում որոշում է կայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանին նշանակել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

 ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգի առկա խնդիրներին և մարտահրավերներին, քննարկվել կազմակերպչական մի շարք հարցեր: