Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Հայտնի են տարվա լավագույն դատավորներն ու դատարանները

24.02.2014

Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ: Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև 2013թ. լավագույն դատավորներ ու լավագույն դատարաններ ճանաչելու և մրցանակներ հանձնելու հարցը: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հետևելով արդեն ավանդույթ դարձած տարվա լավագույն դատավոր և դատարան ճանաչելու կարգին, նշել է, որ ամեն տարի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է դատավորների գործունեության ցուցանիշները: Արման Մկրտումյանն, ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, գոհունակությամբ հայտնել է, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են ապահովել մասնագիտական բարձր որակներ: Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած հատուկ հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչական դատարանում մասնագիտական բարձր ցուցանիշ ունի ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը, ում էլ Ընդհանուր ժողովը ճանաչել է վարչական գործեր քննող 2013թ. «Տարվա լավագույն դատավոր»: Քաղաքացիական գործեր քննող դատավորներից Երևան քաղաքում լավագույն արդյունք է գրանցել և Ժողովի կողմից «Տարվա լավագույն դատավոր» տիտղոսին արժանացել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը: Քրեական գործեր քննող դատավորներից մասնագիտական ընդունակություններով ու բարեխիղճ աշխատանքով Երևան քաղաքում աչքի է ընկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը, ում Ժողովն ընտրել է քրեական գործեր քննող «Տարվա լավագույն դատավոր»: Մարզային դատարաններից մասնագիտական բարձր ցուցանիշներով աչքի է ընկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավոր Սլավիկ Թորոսյանն, ով Ժողովի գնահատմամբ նույնպես ճանաչվել է «Տարվա լավագույն դատավոր»: Մարզերի դատարաններից քրեական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է նաև տարվա լավագույն դատարաններ Լավագույն դատարանների անվանացանկում 2013թ-ին իրենց աշխատանքով աչքի են ընկել և «Տարվա լավագույն դատարան» են ընտրվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության ու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանները: Հիշենենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Այն կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից: