Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

07.05.2012

ՀՀ դատական օրենսգրքի և 2008 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունմամբ ընտրական վեճերի ճնշող մեծամասնության քննությունը վերապահվեց մասնագիտացված դատարանի, այն է՝ ՀՀ վարչական դատարանի քննությանը։
Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերի քննությունը, հաշվի առնելով դրանց օպերատիվությունն ու ընտրական պասիվ իրավունքի իրականացումը, վերապահվեց ընդհանուր իրավասության դատարաններին՝ ինչպես նախկինում էր։
Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը» գլուխը լիովին կոչված է ապահովելու անձի, կուսակցության, դաշինքի ընտրական իրավունքի յուրաքանչյուր խախտում՝ կապված թե ընտրելու, և թե ընտրվելու իրավունքի գործընթացի հետ։
Այստեղ հարկ է փաստել, որ օրենսդիրն ընտրական վեճերն առանձնացրել է երկու խմբում՝ առաջինում ներառելով ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ վեճերը, որոնք ենթակա են ընդհանուր իրավասության դատարանների քննությանը, իսկ երկրորդում՝ մնացած մյուս վեճերը (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը ենթակա գործերից), որոնք ենթակա են ՀՀ վարչական դատարանի քննությանը։
Ընդգծենք նաև, որ այս վեճերով ներկայացված հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիuի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մաuնակցելու քվեարկությանը։
Հարկ է նշել նաև, որ ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ վեճերի առավել արդյունավետ և արագ լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության բոլոր դատարաններում կատարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։
Վերոգրյալի հաշվառմամբ ներկայացնում ենք հակիրճ տեղեկատվություն ՀՀ դատարաններում 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ստացված հայցադիմումների վերաբերյալ։

Այսպես.
2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման, ինչպես նաև ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ ՀՀ դատարաններում ստացվել է 37 հայցադիմում։
Ընդ որում, հիշյալ հայցադիմումներից ՀՀ վարչական դատարանում 06.05.2012 թվականի ժամը 20։00-ի դրությամբ մուտքագրվել է 17 հայցադիմում, որոնցից 8-ի ընդունումը մերժվել է, 3-ը վերադարձվել են, իսկ մնացած 6-ն ընդունվել են վարույթ, որոնցով կայացվել են համապատասխան դատական ակտեր։
Մնացած 20 հայցադիմումները ստացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում։

ՀՀ վարչական դատարանում ստացված հայցադիմումները կարելի է բաժանել հետևյալ խմբերի.
1. ԱՌԱՋԻՆ խումբը վերաբերում է ընտրական հանձնաժողովների կողմից որպես պատգամավորի թեկնածու չգրանցելու որոշումների վիճարկմանը, որի կապակցությամբ ստացվել է 2 հայցադիմում.
- Ընտրական հանձնաժողովների կողմից որպես պատգամավորի թեկնածու չգրանցելու որոշումների վիճարկման վերաբերյալ 2 գործերով էլ վարչական դատարանը մերժել է հայցերը և ուժի մեջ է թողել ընտրական հանձնաժողովների որոշումներն այն հիմնավորմամբ, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից հայցվորին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք չի տրամադրվել, որին ուղղված գործողությունները չեն վիճարկվել դատական կամ վարչական կարգով։ Իսկ այդ տեղեկանքների բացակայության պայմաններում ընտրական հանձնաժողովները օրենքով իրավասու չէին այլ բան կատարելու, քան մերժել նրանց գրանցումը՝ որպես պատգամավորի թեկնածու։

2. ԵՐԿՐՈՐԴ խումբը վերաբերում է ընտրական հանձնաժողովների կողմից որպես պատգամավորի թեկնածու գրանցելու որոշումների վիճարկմանը, որի կապակցությամբ ստացվել է 5 հայցադիմում.
- Ընտրական հանձնաժողովների կողմից որպես պատգամավորի թեկնածու գրանցելու որոշումների վիճարկման վերաբերյալ 5 գործերից 2-ը վարչական դատարանի կողմից քննվել են և կայացվել են վճիռներ։
Հիշյալ 2 գործերով էլ հայցվորները վիճարկում էին այլ պատգամավորի թեկնածուների գրանցումներն այն հիմքով, որ նրանք վերջին հինգ տարում մշտապես չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում։ Վարչական դատարանը 2 գործով էլ մերժել է հայցերն այն պատճառաբանությամբ, որ պատգամավորի թեկնածուները ընտրական հանձնաժողովներ դիմելիս ներկայացրել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից սահմանված կարգով ստացած վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքները, որոնց տրամադրելուն ուղղված գործողությունները չեն վիճարկվել դատական կամ վարչական կարգով։ Իսկ այդ տեղեկանքների առկայության պայմաններում ընտրական հանձնաժողովներն օրենքով իրավասու չէին այլ բան կատարելու, քան գրանցել նրանց՝ որպես պատգամավորի թեկնածու։
Մնացած 3 հայցադիմումները դատարանի կողմից վերադարձվել են, քանի որ բաց են թողնված եղել հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետները, իսկ սահմանված ժամկետների բաց թողնելու պատճառները հարգելի համարելու միջնորդություններ դատարանին չեն ներկայացվել։

3. ԵՐՐՈՐԴ խումբը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել-չտրամադրելու վիճարկման վերաբերյալ է, որի կապակցությամբ ստացվել է 2 հայցադիմում.
- Հիշյալ հայցադիմումներից 1-ի ընդունումը դատարանի կողմից մերժվել է, քանի որ հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել տեղեկանքը, մինչդեռ օրենքով սահմանված կարգի համաձայն նա կարող էր վիճարկել տեղեկանքի տրամադրմանն ուղղված ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գործողությունները։
Մյուս հայցադիմումը նախ, վերադարձվել է, քանի որ բաց է թողնված եղել հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, այնուհետև նշված հայցադիմումի ընդունումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ սահմանված ժամկետների բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հիմքեր չեն եղել։

4. ՉՈՐՐՈՐԴ խումբը վերաբերում է ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված վեճերին, որի կապակցությամբ ստացվել է 4 հայցադիմում.
- Նշված հայցադիմումներից 2-ի ընդունումը դատարանի կողմից մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դրանք ենթակա չեն դատարանում քննության։
Ներկայացված հայցադիմումներից մեկը ենթակա չէր դատարանում քննության, քանի որ ներկայացվել էր դեռևս 2012 թվականի մարտի 15-ին, երբ նախընտրական քարոզչությունը դեռ չէր սկսվել (նախընտրական քարոզչությունը սկսվել է 2012 թվականի ապրիլի 8-ին), իսկ մինչ նախընտրական քարոզչությունը կուսակցությունները և նրանց անդամներն օրենքով ազատ են իրենց գործողություններում, որի նկատմամբ ոչ ընտրական հանձնաժողովները, և ոչ էլ դատարանը հսկողություն իրականացնելու իրավասություն չունեն։
Երկրորդ հայցը ենթակա չէր դատարանում քննության այն պատճառով, որ մինչ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելը դիմողը նույն հարցով դիմում չէր ներկայացրել ընտրական հանձնաժողով, որպիսի պայմաններում չէր հիմնավորել իր ընտրական իրավունքի հնարավոր խախտման փաստը։
Հաջորդ հայցադիմումի ընդունումը դատարանի կողմից մերժվել է, քանի որ բաց է թողնված եղել հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված օրացուցային եռօրյա ժամկետը, իսկ ժամկետի բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հիմքեր չեն եղել։
Ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված վերջին հայցադիմումը դատարանի կողմից ըստ էության քննվել է և կայացվել է որոշում, որով հայցը մերժվել է։ Տվյալ հայցով դիմողը խնդրել է պարտավորեցնել ընտրական հանձնաժողովին դիմելու վարչական դատարան մեկ այլ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով, քանի որ վերջինիս կողմից թույլ են տրվել նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ։ Մինչդեռ, դատարանն արձանագրել է, որ հայցվորի մատնանշված որոշ փաստերը օրենքի համաձայն նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ չեն հանդիսանում, իսկ այն թերությունները, որոնք իրենցից ներկայացնում են խախտումներ, թեկնածուն և իրավասու մարմիններն ընտրական հանձնաժողովի նախազգուշացմամբ վերացրել են։ 

5. ՀԱՋՈՐԴ, ԵՎ ՎԵՐՋԻՆ ԽՈՒՄԲԸ, վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելու վերաբերյալ վեճերին, որոնց կապակցությամբ ստացվել է 4 հայցադիմում.
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելու վերաբերյալ 4 հայցադիմումներից 1-ով դիմողը վիճարկում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի որոշում, որով սահմանվել էր Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Դատարանը գտել է, որ տվյալ որոշումը որևէ կերպ չի առնչվում հայցվորի իրավունքներին և ազատություններին, քանի որ ուղղված է բացառապես ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին և իրենից ներկայացնում է ընտրական հանձնաժողովների աշխատանքային ռեժիմը կանոնակարգող փաստաթուղթ։ Արդյունքում հայցը ենթակա չէր դատարանում քննության, քանի որ ուղղված չէր հայցվորի խախտված իրավունքների պաշտպանությանը։ Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։
Մյուս հայցադիմումով հայցվորը դատարանին խնդրել էր պարտավորեցնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին փոփոխություն և լրացում կատարելու իր «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երևանի ավագանու անդամի ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» 11.08.2011թ. թիվ 56-Ն որոշման մեջ։ Մինչդեռ, դատարանն արձանագրել է, որ օրենքով իրավասություն չունի պարտավորեցնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի վերջինս իր նորմատիվ իրավական ակտում կատարի փոփոխություններ։ Օրենքով դատարանը լիազորված է միայն ստուգելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը օրենքներին, իսկ պարտավորեցնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին դատարանը կարող է որևէ վարչական ակտ ընդունելու հարցում։ Սույն գործով դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։
Հաջորդ հայցադիմումով հայցվորը դիմել է դատարան` խնդրելով օրենքին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երևանի ավագանու անդամի ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» 11.08.2011թ. թիվ 56-ն որոշումը, քանի որ այն քվեաթերթիկներում չի նախատեսում «Բոլորին դեմ եմ» նշման հնարավորություն։ Դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը չի նախատեսում «Բոլորին դեմ եմ» տողի առկայություն, որպիսի պայմաններում կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր կարող դուրս գալ օրենքի շրջանակներից և ավելացնել նման տվյալ։ Միաժամանակ դատարանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը լուծելու բացառիկ լիազորությամբ օժտված է միայն ՀՀ սահմանադրական դատարանը։
Վերջին հայցադիմումն ուղղված էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին որոշման վիճարկմանը, որի կապակցությամբ դատարանը գտել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ տված պաշտոնական պարզաբանումը որևէ կերպ չի առնչվում դիմողի իրավունքների հետ։ Դրանով ընդամենը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է իր իրավական դիրքորոշումը ընտրական օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ։ Արդյունքում դատարանը որոշում է կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով` ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ պահանջով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված հայցադիմումների քննարկման ընթացքի մասին։
2012թ. մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4 հայցադիմում, որոնք բոլորն էլ վերաբերել են ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու պահանջին։ Ընդ որում, հիշյալ հայցադիմումներից 3-ը ստացվել են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որոնցից 2-ը բավարարվել են, իսկ 1-ը վերադարձվել է` դիմողի դիմումի հիման վրա։
Մյուս հայցադիմումը ստացվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որտեղ հայցադիմումը վերադարձվել է։
Մայիսի 6-ին` ժամը 20։00-ի դրությամբ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 16 հայցադիմում, որոնցից 3-ի ընդունումը մերժվել է, 13-ն ընդունվել են վարույթ։ Վարույթ ընդունված 13 հայցադիմումներից 6-ով պահանջները մերժվել են, 7-ով` բավարարվել` համապատասխան անձանց իրավունք է վերապահվել ընդգրկվելու համապատասխան լրացուցիչ ընտրական ցուցակում։

Հիշյալ 16 հայցադիմումները կարելի է բաժանել 2 խմբերի.
1. ԱՌԱՋԻՆ
խումբը վերաբերում է ընտրողների ցուցակներից հանելու պահանջին, որի կապակցությամբ ստացվել է 3 հայցադիմում։ Դրանցից 2-ի ընդունումը դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի դիմել լիազոր մարմնին ընտրողների ցուցակում առկա անճշտության, մասնավորապես` իր անունը, իր հավաստմամբ, անհիմն ընտրողների ցուցակում ընդգրկելու հիմքով ընտրողների ցուցակից հանելու պահանջով, հետևաբար, առկա չէ լիազոր մարմնի որևէ գործողություն կամ անգործություն և դրա արդյունքում ծագած վեճ, 1-ով դիմողի պահանջը մերժվել է։

2. ԵՐԿՐՈՐԴ խումբը վերաբերում է ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելուն, որի կապակցությամբ ստացվել է 13 հայցադիմում։ Դրանցից 1-ի ընդունումը դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ դիմողը դատարանին չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ` իր իրավունքների խախտումը վերացնելու համար լիազոր մարմնին դիմելու վերաբերյալ, 5-ով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորներն ընդգրկված լինելով ընտրողների ցուցակում` զրկված չեն եղել իրենց ընտրելու իրավունքն իրականացնելու հնարավորությունից, 7-ով հայցերը բավարարվել են։