Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Դ Ա Տ Ա Ժ Ա Մ. ՀԱՂՈՐԴԱՇԱՐ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

13.10.2009

Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում հոլանդական կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային միջոցներով սույն թվականի հունիս ամսից Հանրային առաջինով սկսել է եթեր հեռարձակվել «Դատաժամ» հաղորդաշարը։ 

Հաղորդաշարի 2-րդ եթերաշրջանի սկիզբը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին:

Հաղորդաշարն ընդհանուր առմամբ նպատակ է հետապնդում ներկայացնել հանրային հետաքրքրություն ունեցող և իրավունքների իրացման տեսանկյունից առավել հետաքրքրաշարժ դատական գործընթացները, ավելի թափանցիկ դարձնել մեր երկրի իրավական դաշտը, ծանոթացնել մարդկանց իրենց դատավարական իրավունքներին ու պարտականություններին և արդյունքում նրանց իրավական գիտելիքներ հաղորդել։ Փորձը ցույց է տալիս, որ դատարանի հետ առնչվելիս մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց իրավունքները, ինչպես նաև այն, թե ինչպիսի օրինական քայլեր կարող են իրականացնել դատարանի հետ առնչվելիս։

Հաղորդաշարը հիմնված է իրական դատավարությունների վրա։ Հաղորդումների ընթացքում ցուցադրվում են հատվածներ կայացած քրեական, քաղաքացիական և վարչական դատավարություններից։ Իհարկե, միևնույն դատական գործով կարող են նկարահանվել բազմաթիվ դատական նիստեր, այդ իսկ պատճառով ողջ նյութը հետագայում մոնտաժվում է՝ պահպանելով դատավարական ու տրամաբանական կառուցվածքը և հանրության համար առավել հետաքրքրաշարժ հատվածները։

Հաղորդաշարի երկրորդ հատվածում կազմակերպվում է քննարկում, կարծիքների փոխանակում, հյուրընկալում ենք փաստաբանների, դատավորների, իրավունքի, բժշկության, հոգեբանության և այլ բնագավառներում հեղինակություն վայելող մասնագետների, ովքեր պատասխանում են հանրությանը հուզող հարցերին, ներկայացնում են օրենքները, մատնանշում օրինական հնարավոր ուղիները, վերհանում իրավական դաշտում առկա պրոբլեմները։ 

Նշենք նաև, որ գործում է «Դատաժամ» հաղորդաշարի կայքէջը (www.datajamtv.com), որտեղ զետեղված է տեղեկատվություն հաղորդաշարի մասին, պարբերաբար տեղադրվում են դատական լուրերը և իրական դատավարության մշակված փաստագրական ֆիլմերը։ 
 
Դիտեք Դատաժամը յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 18:10-ին: