Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐՆԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

07.08.2009

«Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ»-ի նախաձեռնությամբ ներկայումս հանրապետության մի շարք դատարաններում տեղադրվում են «Դատալեքս» հանրային տեղեկատվական մոնիթորներ։

Տեղեկատվական մոնիթորներ են տեղադրվել Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների, Վարչական դատարանի ինչպես նաև մայրաքաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների շենքերի սպասասրահներում, առաջիկայում նման մոնիթորներ կտեղադրվեն նաև Արմավիրի և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում։ Դատարաններ այցելող անձինք այսուհետ հնարավորություն կունենան մոնիթորների միջոցով մատչելի եղանակով տեղեկություններ ստանալ այդ օրը ընթացող դատավարությունների վերաբերյալ, այդ թվում` գործը քննող դատավորի անունը, կողմերի անունները, դատական գործի համարը, դատական դահլիճի համարը և նիստի ժամը։ Էկրանին կարտացոլվեն նաև դատական համակարգի վերաբերյալ այլ տեղեկություններ։

Սեպտեմբեր ամսին նախատեսվում է մի շարք դատարաններում նաև «Դատալեքս» հանրային տեղեկատվական սարքավորումների (տերմինալների) շահագործում։ Դրանք հագեցված կլինեն լրացուցիչ ծրագրային գործառույթներով, որոնք հնարավորություն կտան համառոտ տեղեկություններ ստանալ ՀՀ դատարանների վարույթում գտնվող ցանկացած դատական գործի կարգավիճակի վերաբերյալ, որոնել ՀՀ օրենսդրական ակտեր «ԱՐԼԻՍ» համակարգում, մուտք գործել պետական կառավարման մարմինների ինտերնետային կայքէջեր և այլն։

Վերոնշյալ համակարգերի ներդրումը նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածության աստիճանը, ապահովել դատական համակարգի առավելագույն թափանցիկությունը։ Մասնավորապես, հնարավորություն կընձեռնվի հետևել դատական գործով իրականացվող ընթացակարգերին` գործի կարգավիճակին և պատմությանը, ժամկետներին, որոշումներին, ինչպես նաև վերջանական դատական ակտերի ամբողջական տեքստերին: