Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 50-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

03.02.2009

Սույն թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հրավերով պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք՝ մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված գիտական կոնֆերանսին, որին մասնակցում էին բոլոր անդամ պետությունների դատական իշխանության ներկայացուցիչները։

Գիտական կոնֆերանսի նպատակն էր ընդգծել Եվրոպական դատարանի համագործակցության և պարբերաբար իրականացվող երկխոսության կարևորությունը ոչ միայն ներպետական բարձրագույն դատական ատյանների, այլև միջազգային դատարանների հետ։ 
Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է այն հանգամանքը, որ միջազգային իրավունքի զարգացումը հանգեցրել է մի շարք դատարանների ստեղծմանը, որոնց գործառույթն է միջազգային իրավունքի տարբեր ճյուղերի արդյունավետության ապահովումը։ Միջազգային դատարանների արդյունավետ համագործակցության օրինակ է ՄԱԿ-ի միջազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի միջև իրականացվող երկխոսությունը, որը կրում է մշտական բնույթ։

Բացի այդ, կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մի շարք դատական գործեր, որտեղ միջազգային դատարաններն ընդօրինակել են միմյանց նախադեպերն ու դատական պրակտիկան։ Նաև ներկայացվել են դատական գործեր, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է Համաամերիկյան դատարանի, Միջազգային քրեական դատարանի պրակտիկան։

Այսպիսով, կոնֆերանսի աշխատանքների արդյունքում մասնակիցների կողմից ընդգծվել է, որ 21-րդ դարում միջազգային իրավունքն իրենից ներկայացնում է իրավունքի համագործակցող համակարգերի ամբողջական ցանց։ Չնայած այդ համակարգերն ունեն իրենց սեփական ներքին տրամաբանությունը, դրանք չեն կարող չլինել փոխկապակցված։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ նա ճանաչել է այդ պահանջը։ Մասնակիցները փաստել են նաև, որ նման կոնֆերանսները հնարավորություն են ստեղծում վերագնահատել արդեն իսկ առկա կապերը և զարգացնել նոր հարաբերությունների ստեղծման հնարավորությունները։