Home Contacts
Armenian Version English Version






1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման պահանջներին համապատասխան, հռչակեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ դրանով իսկ դառնալով Հայաստանում դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի իրականացման հիմքը։ 1996 թվականի նոյեմբերի 8-ին հրապարկվեց ՀՀ նախագահի հրամանագիրը «ՀՀ դատաիրավական բարեփոխումների մասին»։
1998 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեցին «Դատարանակազմության մասին», «Դատավորի կարգավիճակի մասին», «Դատախազության մասին», «Փաստաբանական ծառայության մասին», «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ մտան 1999 թվականի հունվարի 12-ից։ Այսպիսով նոր օրենսդրությանը համապատասխան ձևավորվեց և սկսեց գործել ՀՀ նոր դատական համակարգը. նախկին երկաստիճան դատական համակարգի փոխարեն՝ բաղկացած ժողդատարաններից և Գերագույն դատարանից, ստեղծվեց եռաստիճան դատական համակարգը՝ բաղկացած առաջին ատյանի դատարաններից, վերաքննիչ դատարաններից և Վճռաբեկ դատարանից։
2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխություններով դրվեցին Հայաստանում դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի հիմնաքարերը, և այսօր արդեն կարելի է փաստել, որ նշված փուլի ավարտին մեր երկիրը կկանգնի դատական իշխանության անկողմնակալության, անկախության և արդյունավետության՝ որակապես նոր աստիճանին։ 

Այսպես նոր հիմնական օրենքի 5-րդ հոդվածով հռչակվում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։ Դատական իշխանությանը վերաբերող դրույթները զետեղված են 6-րդ գլխում, որի 92-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և Վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ։ Նույն հոդվածում որակապես նոր կարգավիճակով է հանդես գալիս ՀՀ վճռաբեկ դատարանը՝ որպես ՀՀ բարձրագույն դատական ատյան (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Նոր Սահմանադրությամբ նաև ստեղծվել են դատական իշխանության անկախության իրական ապահովման երաշխիքներ, որի մասին է վկայում դրույթն այն մասին, որ Հայաստանում դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև Արդարադատության խորհրդի ստեղծման և գործունեության, դատավորների նշանակման նոր կարգն ամրագրող դրույթները։ 

Դատական իշխանության և մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի որպես բարձրագույն դատական ատյանի վերաբերյալ սահմանադրական դրույթները մանրամասնվել և ամրագրվել են դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի կարևորագույն նորմատիվ փաստաթուղթը հանդիսացող ՀՀ դատական օրենսգրքում (հրապարակվել է 2007 թվականի ապրիլի 18-ին), որը համապարփակ նորմեր է պարունակում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ, և որի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են ճանաչվել «Դատարանակազմության մասին», «Արդարադատության խորհրդի մասին» և «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքները։